Գերմանական «Միություն 90»/«Կանաչներ» կուսակցությունը փետրվարի 23-ին կայանալիք Բունդեսթագի արտահերթ ընտրություններում դաշնային կանցլերի պաշտոնում առաջադրել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին։ Նրա թեկնածությունը պաշտպանել է Վիսբադենում կիրակի օրը դաշնային կուսակցության համագումարի մասնակիցների 96,5 տոկոսը, հայտնում է Deutsche Welle-ն։
Քվեարկությունից առաջ իր ելույթում 55-ամյա Հաբեկն ընդգծել է, որ կցանկանար ստանձնել պատասխանատու պաշտոնը՝ հիմնվելով անցած տարիներին ձեռք բերած փորձի վրա։
Ամենից առաջ նա ցանկանում է պատասխանատվություն ստանձնել «Գերմանիայի ժողովրդի համար»: Նա նաև մատնանշել է կլիմայի փոփոխության և պոպուլիզմի աճի հետ կապված մարտահրավերները և կոչ արել պատրաստ լինել քաղաքական սպեկտրի կենտրոնում դաշինքներ ստեղծելու համար:
Հաբեկին որպես Կանաչների կանցլերի թեկնածու առաջադրելու որոշումը սպասվում էր արդեն մի քանի ամիս։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, որը գլխավորում էր իր կուսակցության ցուցակը 2021 թվականի վերջին ընտրություններում, անցյալ ամառ հրաժարվեց առաջադրվել կուսակցության ցուցակի առաջին տեղում։
Բունդեսթագի ընտրությունները, որոնք պետք է կայանային 2025 թվականի սեպտեմբերի վերջին, տեղափոխվեցին փետրվար կառավարական ճգնաժամի և սոցիալ-դեմոկրատների, լիբերալ-դեմոկրատների և կանաչների իշխող կոալիցիայի պառակտման պատճառով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանրային ճնշման ներքո համաձայնել է դեկտեմբերի 16-ին Բունդեսթագում քվեարկության դնել իր կառավարության նկատմամբ վստահության հարցը։
Նոյեմբերի 16-ին «Միություն 90»/«Կանաչներ» կուսակցությունն ընտրեց նոր ղեկավարություն։ Ֆրանցիսկա Բրանտները և Ֆելիքս Բանաշակը երկու տարով դարձան կուսակցության համանախագահներ։





























