Հայաստանում 2008թ. ընթացքում նորածիններին տրվող անունների մեջ առաջնությունը պատկանում է Միլենա եւ Նարեկ անուններին: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք եւ տղամարդիկ-2009» զեկույցը, որտեղ մի առանձին գլուխ նվիրված է երեխաներին տրվող անուններին:
2008թ. Հայաստանում ծնվել է 19104 աղջիկ, որոնցից 817-ին տրվել է Միլենա օտարահունչ անունը, եւ 22081 տղա, որոնցից 1012-ին տրվել է Նարեկ անունը: Հատկանշական է, որ աղջիկներին ավելի հաճախ տրվող անունների մեջ շատ են օտարազգի անունները, իսկ տղաներին տրվող անունների մեջ օտար անունները բավական ցածր տոկոս են զբաղեցնում:
Աղջիկներին տրվող անունների առաջին տասնյակը՝ Միլենա (817), Էլեն (763), Անի (710), Անահիտ (604), Մարիամ (530), Աննա (514), Մերի (433), Մանե (425), Լիլիթ (396) եւ Նարե (372):
Տղաներին տրվող անունների առաջին տասնյակը՝ Նարեկ (1012), Դավիթ (912), Էրիկ (736), Հայկ (664), Արման (596), Գոռ (562), Արթուր (516), Տիգրան (496), Սամվել (492), Արմեն (471):



























