Մոսկվայում, դեկտեմբերի 9-11-ին, ավարտվել է Ռուսաստանի ՊՆ ձյուդոյի գավաթի խաղարկությունը` մինչեւ 20 տարեկան երիտասարդների միջեւ: Մրցաշարն անցկացվել է առաջին անգամ, բայց բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ այն կանցկացվի ամեն տարի:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ-ն ներկայացնում էին Բանակի մարզական ակումբի, ՆԳՆ, ԱԻՆ եւ Ռազմական ինստիտուտի թիմերը: Մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Հայաստանի Բանակի մարզական ակումբի թիմերը:
Մեր թիմը նախնական հանդիպումներում առաջինը 3-2 հաշվով հաղթել է ՌԴ ԱԻՆ թիմին, երկրորդ հանդիպումը 4-1 հաշվով հաղթել է Ուկրաինայի, իսկ կիսաեզրափակիչում նորից 4-1 հաշվով` Ռուսստանի ՆԳՆ թիմերին:
Եզրափակիչում հայկական թիմը հանդիպել է ՌԴ Բանակի մարզական ակումբի թիմին, որի կազմում հանդես էին գալիս 2011թ. եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ Դմիտրի Զուեւը /73կգ/, Հասան Խալմուրզաեւը /81կգ/ եւ Կազբեկ Զանկիշիեւը/90կգ/: Մեր թիմից ամենավաստակաշատ մարզիկը 2011թ. եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Գոռ Հարությունյանն էր /60կգ/, ով այս մրցաշարում հանդես էր գալիս 66 կգ քաշային կարգում: Համառ պայքարում 2-3 հաշվով մեր թիմը պարտվել է եւ բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով:



























