Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանը «բրեյնրոթ» գոյականը (brain rot, բառացի թարգմանությունը՝ ուղեղի թարախակալում) անվանել է 2024թ. բառ։ Այս մասին նշվել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչության մամուլի ծառայության՝ Oxford University Press-ի հաղորդագրությունում։
Բառարանը «բրեյնրոթը» բացատրում է հետեւյալ կերպ. «մարդու մենթալ կամ մտավոր վիճակի ենթադրյալ վատացում, որը հաճախ դիտարկվում է որպես նյութի (հատկապես օնլայն-կոնտենտի) չափից ավելի օգտագործման հետեւանք, որը համարվում է սովորական կամ պարզունակ»։ Նշվել է, որ վերջին մեկ տարում այդ բառը սկսել են բառարանում փնտրել 230 տոկոսով ավելի շատ, քան առաջ։
Հրատարակչությունում նշել են, որ «բրեյնրոթ» բառի առաջին օգտագործումը գրանցվել է 1854թ. ամերիկացի գրող Հենրի Դեւիդ Թորոյի (1817-1862) «Ուոլդեն կամ՝ կյանքն անտառում» (Walden; or, Life in the Woods) գրքում։ Վերջին ամիսներին այն մեծ տարածում է ստացել սոցցանցերում եւ մտել է բլոգերների եւ լրագրողների մշտական բառապաշար։
Տարվա բառը ընտրվել է Oxford University Press-ի փորձագետների կողմից՝ հաշվի առնելով օնլայն-քվեարկության արդյունքները հրատարակչության կայքում։ Ներկայացված էին վեց բառեր։ «Բրեյնրոթից» բացի եղել են «դեմյուր» (demure) ածականը, որը «զուսպ» բառի հոմանիշն է, «սլոպ» (slop) գոյականը, որը նշանակում է արհեստական բանականության գեներացրած ցածրորակ օնլայն-կոնտենտ, եւ «լոր» (lore) գոյականը, որը նշանակում է փաստերի եւ գիտելիքների ամբողջություն որեւէ մեկի կամ ինչ-որ բանի մասին, որոնք անհրաժեշտ են քննարկման թեման հասկանալու համար։ Բացի այդ, կարճ ցուցակում ներառված էին «ռոմենթեզի» (romantasy - ռոմանտիկ ֆենթեզի) եւ «դայնամիկփրայսինգ» (dynamic pricing – դինամիկ գնագոյացում) գոյականները։





























