ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը NEWS.am-ին պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ պաշտոնական Երեւանի համագործակցության զարգացման մասին:

Պարոն դեսպան, ի՞նչ կետում են այժմ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները եւ հակիրճ բնութագրեք կազմակերպության համագործակցությունը մեր երկրի հետ:

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարելի է բնութագրել որպես կայուն զարգացող գործընկերություն: Հայաստանն ինստիտուցիոնալ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ 1994-ից, երբ մենք միացանք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

Այժմ համագործակցության հիմքում 2011-2013 թվականների համար Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների վերանայված ծրագիրն է:

Փաստաթուղթը հաստատվել է այս տարվա նոյեմբերին եւ Ծրագրի երրորդ երկամյա շրջափուլն է: Ծրագիրը ներառում է գործողություններ տարբեր ուղղություններով` երկխոսություն քաղաքական հարցերով, համագործակցություն պաշտպանության եւ անվտանգության հարցերով, ճգնաժամային իրավիճակների կառավարման, կիբերտարածության պաշտպանության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանների անվտանգության, ժողովրդավարական բարեփոխումների շարունակման եւ խորացման, գիտության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Այդ համագործակցության շրջանակում, Դաշինքի աջակցությամբ Հայաստանի Զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ, մեր զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամների եւ գործընկերների կազմակերպած վարժանքներին: Մենք ենք ընդունում զորավարժանքներ:

ՆԱՏՕ-ի աջակցությամբ ստեղծվում է Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը: Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում:

Ակտիվ համագործակցություն է զարգանում նաեւ հրապարակային դիվանագիտությունում: Արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ի Հրապարակային դիվանագիտության դեպարտամների հետ ամեն տարի Հայաստանի այլ նախարարությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կազմակերպում է ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում. անցկացվում են տեղեկատվական եւ ակադեմիական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Երեւանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը:

Ի՞նչ հաջողությունների է հասել մեր առաքելությունը Հյուսիսատլանտյան դաշինքում:

Էթիկապես ճիշտ չեմ համարում խոսել ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության առանձին հաջողության մասին, քանի որ առաքելությունը գործում է Հանրապետության նախագահի ցուցումներով եւ հանձնարարություններով եւ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի հրահանգներով: Առաքելության հաջողությունը նույն չափով ԱԳՆ-ի եւ Հայաստանի հաջողությունն է:

Առաքելությունը նպատակաուղղված նպաստում է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում ամրագրված միջոցառումների իրականացմանը:  

Առաքելությունն ակտիվորեն աշխատում է ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարության, Դաշինքի անդամների եւ գործընկերների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, համակարգում է Հայաստանի նախարարությունների եւ գերատեսչությունների համագործակցությունը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների հետ:

Մեր հաջողությունն եմ համարում անցած հուլիսին Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերություն գործողությունների ընթացիկ ծրագրի հաջող իրագործման մասին Տարեկան հաշվետվության ընդունումը Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից, նաեւ 2011-2013 թվականների համար նոր Ծարգրի հաստատումը Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից:

Չափազանց կարեւոր եմ համարում Աֆղանստանում մեր խաղաղապահ զորախմբի թվաքանակի եռապատկման մասին Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը:

ՆԱՏՕ-ի հետ քաղաքական համագործակցությունն ակտիվացնելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի քաղաքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Մշտապես տեղի են ունենում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների փոխադարձ այցելություններ:  Հայաստանի արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի այցելությունները ՆԱՏՕ պարբերաբար են եւ համագործակցության քաղաքական եւ գործնական հարցերի քննարկման համար լավ գործիք են: Հյուսիսատլանտյան խորհրդի հարթակում ՆԱՏՕ-ի հետ հետեւողական քաղաքական երկխոսությունը Հայաստանին թույլ է տալիս լսված լինել եվրաատլանտյան տարածության ամենաազդեցիկ երկրների կողմից, արդյունավետ ներկայացնել արտաքինքաղաքական եւ անվտանգության ոլորտի առաջնահերթություններն ու մտահոգությունը որեւէ հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի քաղաքական երկխոսությունն ավելի ինտենսիվ կլինի: Առավել եւս, որ 2012-ին Չիկագոյում տեղի է ունենալու Դաշինքի հերթական գագաթաժողովը:

Հարեւան Վրաստանը մշտապես խոսում է ՆԱՏՕ մտնելու մասին: Ի՞նչ հեռանկարներ ունի մեր երկիրը: Ի՞նչ փուլում են Դաշինքի եւ Հայաստանի հարաբերությունները: Կարո՞ղ է մեր երկիրն ապագայում հավակնել կազմակերպությանն անդամակցելուն:

Այս կամ այն ռազմաքաղաքական բլոկին անդամակցելը պետության ինքնիշխան քաղաքական որոշման արդյունքն է, որը բխում է սպառնալիքների եւ տվյալ պետության անվտանգության ռիսկերի ընկալումից ու վերլուծումից եւ ուղղված է այդ սպառնալիքների եւ ռիսկերի չեզոքացմանը: Անվտանգության մի համակարգից մեկ այլ համակարգ տեղափոխվելը չի կարող լինել ինքնանպատակ: Առաջին հերթին, այն պետք է ուղղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Անվտանգության համակարգը, որտեղ այսօր գործում է Հայաստանը պատշաճ մակարդակով ապահովում է Հայաստանի անվտանգությունը: ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում եւս Հայաստանի անվտանգության համակարգի տարր է:

Սպասվո՞ւմ է հայկական զորախմբի մեծացում Դաշինքի խաղաղապահ առաքելություններում:

Այժմ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորած երկու խաղաղապահ գործողությունների` Կոսովոյում եւ Աֆղանստանում: Կոսովոյում մեր զորախումբը կազմված է 35, իսկ Աֆղանստանում` 126 զինծառայողներից: Կոսովոյում եւ Աֆղանստանում մեր զորախմբերի քանակական մեծացում առայժմ չի նախատեսվում: 2014-ին նախատեսվում է դաշնակիցների զորքերի դուրսբերում Աֆղանստանից: Դրանից հետո Հայաստանի մասնակցությունը կարող է փոխակերպվել Աֆղանստանի Զինված ուժերի զինծառայողների ուսուցման եւ պատրաստման:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն:  

ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Դաշինքի Միջազգային քարտուղարության եւ այլ անդամների խնդրանքով ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մշտապես տեղեկացնում են հակամարտության կարգավորման գործընթացի մասին: ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում պատերազմի վերսկսումը: Հենց այս ուղերձով էր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այս ամռանն այցելել Երեւան եւ Բաքու:

Պարոն դեսպան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերի վերաբերյալ այսօր հաճախ է խոսվում խաղաղապահների տեղակայման մասին: ՆԱՏՕ-ն հավակնո՞ւմ է այդպիսի առաքելության:

Խաղաղապահ գործողության իրականացումը եւ միջազգային զորախմբի կազմը համապատասխան կազմակերպության եւ հակամարտության կողմերի համապատասխան քաղաքական որոշման, համաձայնության ածանցյալն է: Ղարաբաղյան կարգավորման համատեքստում կարծում եմ, որ խոսել նման գործողության մասին չափազանց վաղաժամ է:

Վերջում, թույլ տվեք, օգտվելով առիթից շնորհավորել Ձեր կայքի ընթերցողներին գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթել բարօրություն, առողջություն եւ խաղաղություն: