Հայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով. Մեկ օրվա ընթացքում A\H1N1-ով վարակվածների թիվն ավելացել է հինգով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:
Նրա խոսքերով, այսօր հանրապետությունում գրանցվել է «խոզի գրիպով» 11 հիվանդ, մինչդեռ նախօրեին հիվանդների թիվն ընդամենը 6-ն էր: Գլխավոր համաճարակաբանը նշեց, որ հիվանդները նախօրեին տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «խոզագրիպի» կասկածանքով, եւ լաբորատոր հետազոտություններից հետո այդ կասկածները հաստատվել են: 11 վարակվածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների առողջությունը մտահոգությունների տեղիք չի տալիս, նշեց Ասոյանը:
Ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդները, ըստ Ասոյանի, ստանում են անհրաժեշտ հակագրիպային դեղամիջոցները: Գլխավոր համաճարակաբանը հայտնեց նաեւ, որ վերջին մեկ օրում վարակված բոլոր հինգ անձինք էլ Հայաստանի քաղաքացիներ են, սակայն դժվարացավ ասել՝ վարակվել են Հայաստանո՞ւմ, թե՞ նրա սահմաններից դուրս:
Նշենք, որ 11 հիվանդներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ Թուրքիայի: Մյուս 9-ը Հայաստանի քաղաքացիներ են: Մինչ օրս արձանագրված 6 վարակակիրներից 6-ը վարակվել են դրսում: Ի դեպ, Հայաստանն առ այսօր չի ստացել A\H1N1 վարակի դեմ պատվաստանյութը: Երկրում կա միայն որոշակի քանակությամբ «Տամիֆլյու» դեղամիջոցի քանակությունը, որը համարվում է «խոզի գրիպի» դեմ արդյունավետ դեղամիջոց:



























