«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները դեկտեմբերի 11-ին այցելել են Գեղարքունիքի մարզ եւ հանդիպումներ ունեցել Վարդենիսի, Մարտունիի, Գավառի բնակչության եւ Սեւանում` երիտասարդության ներկայացուցիչների հետ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում   հաշվետվություն է տրվել կուսակցության գործունեության մասին, այնուհետեւ «Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, մարդու իրավունքների ոտնահարման, հասարակության ծայրահեղ բեւեռացման, երիտասարդության հիմնախնդիրների, ինչպես նաեւ երկրում ստեղծված ծանր իրավիճակը  ծնող պատճառների մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են բազմաթիվ հարցեր կապված թանկացումների, ցածր աշխատավարձերի, ավանդների վերադարձման, կրթության եւ առողջապահության անմատչելիության, Սեւանի հիմնախնդրի եւ այլ հարցերի շուրջ: Հատկապես սուր քննադատության է ենթարկվել Ազգային ժողովում տիրող մթնոլորտի եւ պատգամավորին անվայել  վարքագիծը: