Վանաձորում, Դեկտեմբերի 12-ին, ժամը 23:30-ի սահմաններում, քաղաքի թիվ 1 հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ ոտքերի մասում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 36-ամյա Արսեն Գեւորգյանը («Բեկոր» ՍՊԸ-ի տնօրեն), Լոռիի մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ 46-ամյա Մարտիրոս Ավետիքյանը եւ Վանաձորի բնակիչ 43-ամյա Գարիկ Մուրադյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռիի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` վարչության պետ Անուբախ Համբարյանի եւ Լոռիի մարզի քննչական բաժնի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վանաձորից, պարզվել է, որ նույն օրը` կեսգիշերին, անհայտ անձը Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, հրազենից կրակ է արձակել նշված վայրում կայանված` Գ. Մուրադյանի «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 78 ԼՕ 008 համարանիշի ավտոմեքենայի վրա: Այդ պահին «Միթսուբիշի Պաջեռոյի» մոտ են կանգնած եղել Ա.Գեւորգյանը, Մ.Ավետիքյանը եւ Գ. Մուրադյանը: Նրանք չեն հասցրել նստել ավտոմեքենան, երբ հնչել են կրակոցները: Ըստ նախնական տեղեկությունների կրակոցները եղել են նրանց ուղղությամբ եւ դրա արդյունքում նրանք հրազենային վնասվածքներ են ստացել:
Դեպքից ժամեր անց Վանաձորի ոստիկանները Գ. Մուրադյանի տան բակում հայտնաբերել են «Միթսուբիշի Պաջեռոն», որի վրա եղել են բազմաթիվ կրակոցների հետքեր: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի (երկու կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով:
Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակված 5.45մմ տրամաչափի 12 կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Այս պահին Երեւանից Վանաձոր են ժամանել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց մի մասը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցներ են: Նրանք այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում Վանաձորում, ստուգում են կասկածելի ավտոմեքենաները:




























