Հայաստանի 9 ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) 2011 թ. 9 ամսում կազմել է 2.3 մլրդ դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած 2011 թ. երրորդ եռամսյակի Բանբերում: Ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների կազմել է 10.3%, շահութաբերությունն ըստ կապիտալի (տարեկանացված)` 22%: Շահույթով են աշխատել բոլոր ընկերությունները:

Այսպիսով` ապահովագրական ընկերությունների շահութաբերության մակարդակը ներկայում գերազանցում է բոլոր մյուս ֆինանսավարկային կազմակերպությունների շահութաբերության մակարդակին: Այսպես` բանկերի շահութաբերությունն ըստ ակտիվների այդ նույն ժամանակահատվածում կազմել է 1.8 %, ըստ կապիտալի` 9.7 %: Բանկերի զուտ շահույթը 9 ամսում կազմել է 24.5 մլրդ դրամ, սակայն նշենք, որ ոչ բոլոր բանկերն են աշխատել շահույթով (2 բանկ վնաս ունի):

Ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակը բարելավվել է հիմնականում պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) ներդրումից հետո: Այսպես` ապահովագրական վճարների 72.3 %-ը ստացվել է ԱՊՊԱ-ից, զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղում գտնվող առողջության ապահովագրումից (6.6 %):