«Այսօր մենք սեմինար ենք անցկացնում հայ բիզնեսմենների համար, որի թեման է. Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների ներկա եւ ապագա ռեժիմը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը: Նրա խոսքով, այդ հարաբերությունները միտված են նրան, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ կնքվի ազատ առեւտրի ռեժիմի մասին համաձայնագիր, որը կտեւի մոտ 5 տարի: «Այդուհանդերձ մենք շատ ենք ցանկանում, որ այդ ռեժիմի մասին հայ բիզնեսմենները պատկերացում կազմեն արդեն հիմա»,- ասաց նա ու հավելեց. «Արդեն հստակություն կա ԵՄ-ի հետ այդ բանակցություններն սկսելու վերաբերյալ: Մասնավորապես դա վերաբերում է ինտելեկտուալ սեփականության պաշտպանության, ստանդարտացման ոլորտներին, առեւտրի տեխնիկական խոչընդոտներին եւ սանիտարական վերահսկողությանը»:
«Հայ գործարարները պետք է իմանան, առաջին հերթին, թե ինչ առեւտրային ռեժիմ է գործում եւ ինչ պայմանների պետք է իրենք բավարարեն, որպեսզի կարողանան իրենց ապրանքներն արտահանել եվրոպական շուկա: Այդ առումով տեխնիկական բնույթի շատ պահանջներ կան, որը մենք այսօր կներկայացնենք հայ բիզնեսմեններին»,- ընդգծեց Սոկարեւն ու հավելեց. «Որպես կանոն, հայ բիզնեսմենները շատ նեղ հորիզոն ունեն բիզնես պլանավորման առումով: Նրանք չեն պլանավորում 3-5 տարիներով, ուստի որպեսզի հետագայում կարողանան ավելի բարձր մակարդակի հասնել ԵՄ-ի հետ հարաբերություններում, պետք է արդեն հիմա սկսեն այդպես մտածել»:



























