Ռուսաստանի ԱԻՆ-ը շարունակում է մաքրել Կրասնոդարի երկրամասում երկու լցանավի վթարից հետո վառելիքով աղտոտված առափնյա գիծը։ Անհրաժեշտ է մաքրել 54 կիլոմետր տարածք, հաղորդել է գերատեսչությունը։

Դեկտեմբերի 15-ին փոթորկի պատճառով մազութ տեղափոխող «Վոլգոնեֆտ-212-ը» եւ «Վոլգոնեֆտ-239-ը» վթարի են ենթարկվել Կերչի նեղուցում։ «Վոլգոնեֆտ-212»-ի կապիտանն ուղարկվել է քննչական մեկուսարան, երկրորդ կապիտանը՝ տնային կալանքի։ Նրանք մեղադրվում են ծովային տրանսպորտի անվտանգության եւ շահագործման կանոնները խախտելու մեջ (ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մինչեւ դեկտեմբերի 20-ը կամավորներն ու շտապօգնության ծառայությունները հավաքել էին ավելի քան 3,3 հազար տոննա աղտոտված ավազ եւ հող։ Նույն օրը մազութի եւս մեկ արտահոսք է տեղի ունեցել «Վոլգոնեֆտ-212»-ում։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի կարծիքով՝ Սեւ ծովի ափերից նավթամթերքի հավաքումը կարող է տեւել մոտ մեկ ամիս, գրել է Коммерсант-ը։