Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա կիրակի օրը Վրաստանի խորհրդարանում, արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին, բողոքի ակցիայի ֆոնին, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։
Առավոտից խորհրդարանի դիմաց հավաքվում է «Կարմիր քարտ՝ Կավելաշվիլիին» կոչվող ակցիան։ Միաժամանակ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չի ճանաչում խորհրդարանը, կառավարությունը և «Վրացական երազանքի» նոր նախագահին, պատրաստվում է հայտարարություն անել իր ապագա ծրագրերի մասին։
Դեկտեմբերի 14-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորներից կազմված խորհուրդը Կավելաշվիլիին ընտրել է երկրի վեցերորդ նախագահ։
Երդմնակալության արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 11:00-ին և կտևի ընդամենը 40 րոպե: Կավելաշվիլին երդում կտա նիստերի դահլիճում։ Նախկինում նախագահի երդմնակալության արարողությունները տեղի էին ունենում բացառապես օրենսդիր մարմնի բակում։
Արարողությանը չեն հրավիրել ոչ օտարերկրյա դեսպաններին, ոչ էլ օտարերկրյա հյուրերին։ Ներկա կլինեն միայն պատգամավորները, կառավարության անդամները, վրաց ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ։
Կավելաշվիլին երդվելու է Սահմանադրության հատուկ տպագրված օրինակի վրա։
Նիստերի դահլիճն ի վիճակի չէ տեղավորել զինվորական նվագախումբ։ Արարողության ժամանակ ազգային օրհներգը կկատարի Սուրբ Երրորդություն տաճարի երգչախումբը և «Մարտվե» անսամբլը՝ Սվիմոն Ջանգուլաշվիլիի ղեկավարությամբ։
Խորհրդարանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Դեկտեմբերի 29-ին կգործի դեղին տագնապի մակարդակը։ Օրենսդիր մարմին մուտքը սահմանափակված է լինելու։ Հավատարմագրված լրագրողներին կթույլատրվի արարողությունը հեռարձակել մեկուսացված մեդիա տարածքից։



























