Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը գրեթե 10 տարվա մեջ առաջին անգամ իրեն այցելած թուրքական քրդամետ կուսակցության պատվիրակությանն ասել է, որ «թուրք-քրդական եղբայրության ամրապնդումը կենսական կարևորություն ունի», և որ ինքը «պատրաստ է իր ներդրումն ունենալ գործընթացում», որը սկսել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ազգայնական դաշնակիցը, հայտնում է AFP-ն։
«Թուրք-քրդական եղբայրության վերահաստատումը ոչ միայն պատմական պատասխանատվություն է, այլև... հրատապ խնդիր է բոլոր ժողովուրդների համար»,- հայտարարել է Օջալանը, ասվում է «Հանուն ժողովրդավարության և հավասարության շարժում» կուսակցության (DEM) կիրակի օրվա հայտարարության մեջ, որն արվել է այն բանից հետո, երբ նրա օրենսդիրներից երկուսը մեկնել են Իմրալի կղզի, որտեղ Օջալանը գտնվում է մենախցում 1999 թվականից։
Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հավանություն է տվել DEM կուսակցության հարցմանը, ինչը նշանակալի զարգացում է՝ հաշվի առնելով Անկարայի և քրդական քաղաքական ուժերի միջև լարված հարաբերությունները: Օջալանի վերջին հանդիպումը DEM-ի նախորդի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ներկայացուցիչների հետ տեղի էր ունեցել 2015 թվականի ապրիլին։
Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչված PKK-ի հիմնադիր Օջալանը շուրջ 25 տարի մեկուսացված է արտաքին շփումներից։ Ձերբակալվել է 1999 թվականին Քենիայում խոշոր գործողության ժամանակ, սկզբում նա դատապարտվել էր մահապատժի։ Սակայն նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ այն բանից հետո, երբ 2004 թվականին Թուրքիան վերացրել է մահապատիժը։



























