Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խնդրել է չեղարկել իր քրեական գործի լսումները, որում նա պետք է ցուցմունք տար՝ կապված  շագանակագեղձի վիրահատության հետ, որին պետք է ենթարկվի այսօր, գրում է Times of Israel-ը։

Երուսաղեմի շրջանային դատարանին նրա փաստաբան Ամիտ Հադադի ներկայացրած հարցման մեջ նշված է, որ վարչապետը վիրահատության կենթարկվի լրիվ անզգայացման տակ, և որ նա հիվանդանոցում կմնա մի քանի օր։

«Այս փուլում մենք խնդրում ենք դատարանին չեղարկել այս շաբաթ նախատեսված լսումները», - նշել է Հադադը՝ հավելելով, որ «դատարանին լրացուցիչ կտեղեկացնի»։

Հադադը հայտնել է, որ մեղադրող կողմն արդեն համաձայնել է չեղարկել այս շաբաթվա լսումները։

Նաթանյահուն սկսել էր ցուցմունքներ տալ դեկտեմբերի 10-ին և արդեն վեց անգամ ցուցմունք է տվել դատարանում՝ իր դեմ առաջադրված կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով:

Ավելի վաղ Նաթանյահուի գրասենյակը տեղեկացրել էր Իսրայելի վարչապետի այսօր նախատեսված շագանակագեղձի հեռացման վիրահատության մասին։