ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակված նոր ուսումնասիրությունը բացահայտում է երեխաների իրավունքների տագնապալի խախտումներն ամբողջ աշխարհում, ներառյալ սպանությունների, վնասվածքների, կրթության անհասանելիության և թերսնման դեպքերի աճը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Պաղեստինյան տարածքներից մինչև Մյանմա, Հաիթիից մինչև Սուդան աշխարհը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենաբարձր մակարդակի հակամարտություններին: Հետազոտության մեջ նշվում է, որ ավելի քան 473 միլիոն երեխա՝ մինչև 18 տարեկան աշխարհի բնակչության գրեթե 19%-ը, ապրում է հակամարտության գոտիներում։ Բռնության հետևանքով մոտ 47,2 միլիոն երեխա ստիպված է եղել լքել իրենց տները։