Լոռիի մարզկենտրոն Վանաձոր քաղաքում մեծ շուքով պատրաստվում են Ամանորին. քաղաքապետարանի ֆինանսավորմամբ նախատեսվում են միջոցառումներ, տոնական համերգներ, մրցույթներ, այցեր ու նվերեներ երեխաներին:
Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ից ու կշարունակվի մինչեւ հունվարի 13-ը:
Քաղաքում նախատեսվում են թատերական ներկայացումներ Վանաձորի տիկնիկային, Աբելյան, Բոհեմ թատրոններում ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Բոլոր նշված հաստատությունների ներկայացումների համար կան անապահով խավի համար տրվող հատուկ անվճար տոմսեր:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով սպասվող միջոցառումների շարքը, նշեց, որ նվերներով պարկեր են տրամադրվելու քաղաքի մանկապարտեզների 1920, մանկատների 60 եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների թվով 100 երեխաների:
Դեռեւս պատրաստ չէ մարզկենտրոն Վանաձորի «Հայքի» հրապարակում դրվող տոնածառը:
Քաղաքապետարանի ամենշաբաթյա նիստերից մեկի ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոսել էր այն մասին, որ Լոռիի գլխավոր տոնածառն, ի տարբերություն մայրաքաղաքի արհեստական եղեւնու, լինելու է բնական ծառից, բայց զարդարվելու է երեւանյան եղեւնու նման: Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը հաստատեց այս փաստը, ասելով, որ Վանաձորի եղեւնին արդեն զարդարված ու ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 20-ին:
Ընդհանուր առմամբ, տոնական բոլոր միջոցառումների համար ծախսերը ֆինանսավորվում են Վանաձորի քաղաքապետարանի բյուջեից: Որպես նախնական գումարային չափ նախատեսված է ծախսել 2,5 միլիոն դրամ:




























