Գյումրիի շուկաներում ու սուպերմարկետներում գառան միսը վաճառվում է մեկ կգ-ը 3000 դրամից ոչ պակաս, նախկին 1500-1800 դրամի փոխարեն: «Գառան միսն այնքան թանկ է, որ առանց նախապես պատվերների, մենք վախենում ենք մորթ կատարողներից միս վերցնել, չեն գնի, կմնա մեր վրա»,-հավաստել է շուկայում մսի առեւտրով զբաղվող վաճառական Վաղարշակ Ոսկանյանը: Ընդ որում, ըստ մսավաճառի տվյալների, Շիրակի մարզում մսի գինն ավելի էժան է, քան հանրապետության մյուս մարզերում ու Երեւանում: «Շիրակում ճիշտ է այս տարի ոչխարների գլխաքանակն անհամեմատ շատ է, բայց մսի գինը բարձր է, քանի որ հանրապետությունում ոչխարի եւ գառան միսը տեղում չի իրացվում: Գնում եմ այն մարդկանցից, ում ճանաչում եմ, բայց հիմա ասում են վաճառել ենք, դրսից տարել են, եզդիներն էլ մեզ ոչխար չեն տալիս, դրսից բարձր գնով տանում են»,-ասել է մսավաճառ Գառնիկ Գասպարյանը, ով անասնապահներից անմիջական առաջին ձեռքից մորթում ու վերցնում է միսը:
«Կենդանի գառան գինը տատանվում է 40-50 հազար դրամի սահմաններում, սակայն կան խոսակցություններ, որ 2-3 ամսից գներն ավելի կբարձրանան: Սովորաբար գարնան ամիսներին են Հայաստանից գառներ տեղափոխում հարեւան երկրներ: Այդ պատճառով էլ մի կողմից ավելացել է կենդանի գառան պահանջարկը, մյուս կողմից՝ ներքին շուկայում նվազել է գառան մսի առաջարկը»,-բացատրել է Հովհաննես Սահակյանը, ով Շիրակի մարզի գյուղերում զբաղված է անասունների մորթով ու մսամթերքը համայնքներից բերում իրացնում է Գյումրիի մսամթերքի շուկայում: Գառան միս Գյումրիի շուկայում վերջին անգամ վաճառվել է սեպտեմբեր ամսին՝ Սուրբ խաչի տոնակատարության օրերին, հիմա էլ նախատոնական օրերին գառան մսի պահանջարկ չկա:
Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակչուհի Սվետա Մովսիսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունը հիմա Աշոցքում զարգացած է: Վերջին երկու տարիներին գյուղացին նախընտրում է ոչխար պահել, քանի որ գլխաքանակներով արտահանում է Իրան՝ միջինը 50 հազար դրամով:
Իսկ Գյումրիի շուկայի տնօրենը նշել է, որ առաջին հայացքից ոչխարների գլխաքանակի արտահանման ծավալների ավելացման հետեւանքով ներքին շուկայում գառան մսի գնաճը մտահոգության առիթ է, սակայն, մյուս կողմից, դա ունի նաեւ զուտ տնտեսական նշանակություն։ «Եթե արտահանման ոլորտում հաջողվի պահպանել այս ապրանքատեսակի իրացման շուկան, ապա անասնաբուծությունը կարող է կարճ ժամանակահատվածում լուրջ զարգացում ապրել եւ դառնալ շահութաբեր տնտեսական գործունեության տեսակ»,-ասել է Գյումրիի Մսի շուկայի տնօրենը։




























