Մեզոզավրերն առաջին ողնաշարավորներից էին, որոնք ծով վերադարձան իրենց նախնիների ցամաք դուրս գալուց անմիջապես հետո: Նրանք ապրում էին պալեոզոյական դարաշրջանի վերջում (Պերմի մեծ անհետացման նախաշեմին) Գոնդվանա հարավային մայրցամաքի ափերի մոտ. դրանց են համապատասխանում ժամանակակից Աֆրիկան և Հարավային Ամերիկան: Մեզոզավրերը սովորաբար համարվում են փոքր՝ միջինը 0,7 մետր երկարությամբ կենդանիներ, սակայն Fossil Studies-ի նոր հոդվածում նկարագրվել է ուրուգվայական լագերշտետի հսկայական նմուշ: Ենթադրվում է, որ այն երեք անգամ ավելի երկար է եղել, քան շատ հայտնի մեզոզավրեր։

Շուտով այն բանից հետո, երբ առաջին ողնաշարավորները՝ «ոտնաձկները», ինչպիսին տիկտաալիկն է, ցամաք դուրս եկան, դրանց ժառանգներից որոշները նախընտրեցին ծով վերադառնալ։ Դա տեղի է ունեցել Պերմի ժամանակաշրջանում (կամ նույնիսկ քարածխայինի վերջում), երբ մեզոզավրերը սկսեցին կրկին նվաճել ջրային միջավայրը, հայտնում է Naked Science-ը։ Դրանք ունեին երկարավուն մարմին, երկար պոչ ու վերջույթներ, որոնց շնորհիվ լավ լողում էին և, առհասարակ, հաջողությամբ հարմարվում ծովում։

Մեզոզավրերը լողում էին Գոնդվանայի ափերի մոտ, որոնք այժմ հայտնվել են Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում: Հնէաբանները ավելի ու ավելի հաճախ են պնդում, որ դրանք կարող էին նաև երկկենցաղ  կենսակերպ վարել: Մեզոզավրերի ձևակազմությունը լավ ուսումնասիրված է բազմաթիվ բրածոների շնորհիվ, որոնք ներկայացնում են տարբեր տարիքի երիտասարդ և հասուն առանձնյակներ: Այդ աշխատանքներում դրանք համարվում են փոքր, ոչ ավելի, քան մեկ մետր երկարությամբ կենդանիներ:

Սա հերքել է Fossil Studies ամսագրում հրապարակված նոր հոդվածը: Դրա հեղինակները՝ Ուրուգվայից և Ֆրանսիայից հնէաբանների թիմը, նկարագրել են մեզոզավրի մի բրածո, որը մյուսների համեմատ իսկական հսկայի տեսք ունի: Այն հայտնաբերվել է Ուրուգվայի հյուսիս-արևելքում՝ Մանգրուլո ֆորմացիայի լագերշտետներում: Չնայած ոչ այնքան լավ պահպանվածությանը. մնացել են գանգի միայն երկու կտոր, ողնաշարի թիկունքային կողմը և մի քանի այլ ոսկորներ, հեղինակները ճշգրիտ գնահատել են ուրուգվայական մեզոզավրի չափերը:

Մեկ այլ (փոքր, բայց շատ լավ պահպանված) Mesosaurus tenuidens-ի հետ համեմատությունը ցույց է տվել, որ նոր մեզոզավրի երկարությունը մեկուկես-երկու մետր էր: Դրա 15-20 սանտիմետրը բաժին է հասել երկար գանգին։

Պարզվում է, որ հնէաբանները հանդիպել են գիգանտիզմի օրինակի։ Այսինքն՝ չափերով չափազանց մեծ, տեսակի միջինից շատ ավելի մեծ նմուշի։ Ընդհանրապես, խոշոր մեզոզավրերը, ինչը նույնպես վկայում է նրանց պատկառելի տարիքի մասին, շատ հազվադեպ են հանդիպում: Հեղինակները ենթադրում էին, որ խոսքը առափնյա տարածքների  «երկարակյացների» նախապատվության մասին է, ինչը բնորոշ չէ ավելի երիտասարդ և փոքր մեզոզավրերին:

Արդյունքում, մեզոզավրերի օնտոգենեզը՝ նրանց անհատական ​​զարգացումը, այժմ շատ մանրամասնորեն հայտնի է։ Գիտնականներն ունեն դրանց կյանքի ցիկլի բոլոր փուլերի նմուշները՝ չծնված պտուղներից մինչև հսկա ծերունիներ:

Եզրակացությունը համահունչ է նրան, ինչ հայտնի է ամենավաղ և սկզբնական շրջանում փոքր ամնիոտների չափերի մեծացման միտումի մասին: Այսինքն՝ առաջնային ցամաքային կենդանիների՝ սողունների, թռչունների և կաթնասունների նախնիների մասին, որոնք ունեն հատուկ սաղմնային թաղանթներ։ Դրանք պաշտպանում են կենդանիների ձվերը երաշտի պայմաններում չորանալուց։ Տարօրինակ կերպով, առաջին ամնիոտներից մեկը ծովային մեզոզավրերն էին` վաղ սողունները կամ առնվազն դրանց մերձակա զավրոպսիդների խմբի ներկայացուցիչները: