Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Թայանին չորեքշաբթի օրը հայտնել է, որ ուրբաթ օրը մեկնելու է Սիրիա, որտեղ նախատեսում է հայտարարել օգնության նախնական փաթեթի մասին՝ հաղորդում է AFP-ն։
Թայանիի այցը տեղի կունենա նրա ֆրանսիացի և գերմանացի գործընկերների այցելություններից հետո, ովքեր անցյալ շաբաթ ուղևորվել էին Սիրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Սիրիայի նոր ղեկավարների հետ:
«Կարևոր է պահպանել տարածքային ամբողջականությունը և կանխել (Սիրիայի) տարածքի շահագործումը ահաբեկչական կազմակերպությունների և թշնամական դերակատարների կողմից»,- ասել է Թայանին Իտալիայի խորհրդարանում։
Թայանին չի մանրամասնել, թե ինչն է անվանում «համագործակցության և զարգացման համար առաջին օգնության փաթեթ»:
Սակայն նա հայտարարել է, որ կպնդի, որ Սիրիայի անցումային կառավարությունը հետամուտ լինի «ներառական քաղաքական գործընթացին», որը «ճանաչում և ուժեղացնում է քրիստոնյաների դերը՝ որպես լիարժեք իրավունքներ ունեցող քաղաքացիների»: Իր ուղևորությունից առաջ Թայանին նախատեսում է հինգշաբթի օրը հանդիպել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը․ օրակարգում նոր սահմանադրության մշակումն ու Սիրիայի տնտեսության վերակառուցումն է: Ակնկալվում է, որ Հռոմում կայանալիք հանդիպմանը կմասնակցի ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը։





























