Մոսկվայում, դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրի,  տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:

Նախարար Նալբանդյանը ողջունել է անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:

Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշել է ՍԾՏՀ առողջապահության եւ դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու եւ նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 25-րդ հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html: