«Ավան» վարչական շրջանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում ավարտվում են նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Վերջին դիտահորում տեղադրվել է մեկ մեծ` ընդհանուր կարգավորիչ փական եւ 3 փոքր` առանձին սպառողների համար նախատեսված:

«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ընկերության Տեխնիկական տնօրինության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանի, հին, տեխնիկապես խիստ մաշված ջրագծի փոխարեն կառուցվել է նորը` 460 երկարությամբ եւ 220 մմ տրամագծով, որի շնորհիվ տվյալ տարածքում այսուհետ կապահովվի հուսալի ջրամատակարարում: Ավելին, ընկերության կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականության համաձայն, այստեղ նույնպես վերանայվում է ջրամատակարարման կարգը: Մասնավորապես, ջրատարին զուգընթաց ամենուր կառուցվել են դիտահորեր, որտեղ տվյալ ջրատարից օգնվող հիմնարկ-ձեռնարկությունները պարտավոր են վերատեղադրել իրենց ջրաչափերը եւ փականները: Դա թույլ է տալիս ինչպես կարգավորել ջրամատակարարումը, այնպես էլ բարելավվել սպառվող ջրի հաշվառումը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ պատվերով շինարարությունն իրականացնող «Գավաթ» ՍՊԸ գլխավոր ճարտարագետ Վազգեն Մանուկյանը հավաստիացրել է, որ, չնայած ապամոնտաժված խողովակից ջրի շարունակվող արտահոսքին, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Արվում է հնարավորինս արդեն այսօր երեկոյան ստորեւ նշված տարածքներում ջրամատակարարման վերականգնման համար. Ավան-Առինջ 1/19 հասցե, Աճառյան 1-ին եւ 2-րդ նրբանցքներ, Աճառյան փողոցի 16-ից 48, Բաբաջանյան փողոցի 38, 39 հասցեներ եւ հարակից տարածքներ: