Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ Սիսրիանում մասնակցել է տարածաշրջանի համայնքների միության կողմից իրականացված  «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրի շնորհանդեսի արարողությանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է միության կազմում ընդգրկված համայնքների գույքահարկի եւ հողի հարկի  ավտոմատացված համակարգի ցանցը, միության  կայքը:

Ներկայացվել են նաեւ ծրագրի շրջանակում մշակված միջհամայնքային համագործակցության  հինգ նախագծեր, որոնք մասնավորապես  վերաբերում են համայնքներում աղբահանության կազմակերպմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, համայնքային կարեւորության այլ խնդիրների: Նշված ծրագրերը կյանքի կոչելու համար Սիսիանի համայնքների միությունը մտադիր է դիմել դոնոր կազմակերպությունների: «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագիրն իրագործվել է  ԱՄՆ ՄԶԳ  աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում:

Այցի շրջանակում  փոխվարչապետը Սիսիան եւ Գորիս քաղաքներում մասնակցել է  փոստային մասնաճյուղերի, իսկ  Տաթեւ համայնքում`փոստային բաժանմունքի վերաբացման արարողություններին: Նշվել է, որ մինչեւ տարեվերջ կնորացվեն եւ կվերաբացվեն նաեւ Ագարակի, Քաջարանի, Կապանի փոստային բաժանմունքները: