Իսպանիան նախատեսում է մինչև 100%-ով հարկել այն գույքը, որը գնվել է ԵՄ անդամ չհանդիսացող բնակիչների կողմից, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, հայտնում է BBC News-ը։

Վարչապետ Պեդրո Սանչեսը, ով հայտարարել է նոր միջոցառումների մասին, ասել է, որ «աննախադեպ» միջոցառումն անհրաժեշտ է երկրում բնակարանային անբավարարությունը լուծելու համար:

«Արևմուտքը կանգնած է վճռորոշ մարտահրավերի առաջ՝ չդառնալ հասարակություն, որը բաժանված է երկու դասի՝ հարուստ տանտերերի և աղքատ վարձակալների», - հայտարարել է նա:

2023 թվականին ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիները Իսպանիայում գնել են 27,000 անշարժ գույք «ոչ թե ապրելու համար», այլ «դրանցից գումար աշխատելու համար», - ասել է նա Մադրիդում տնտեսական ֆորումում:

Նրա խոսքով, իսպանական իշխանությունների այս քայլը միտված է ապահովելու, որ «առաջնահերթությունը տրվի բնակիչներին»։

Սանչեսը մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է հարկը աշխատելու կամ ժամանակացույց չի տվել այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար, որտեղ նա հաճախ չի կարողանում բավարար ձայներ հավաքել օրենսդրությունն ընդունելու համար:

Բայց նրա կառավարությունը հայտարարել է, որ առաջարկը վերջնական տեսքի կբերվի «մանրամասն քննարկումից հետո»:

Սա Իսպանիայի վարչապետի կողմից երկուշաբթի օրը հայտարարված տասնյակ պլանավորված միջոցառումներից մեկն է, որի նպատակն է բնակարանն ավելի մատչելի դարձնել երկրում:

Այլ միջոցները ներառում են մատչելի բնակարաններ տրամադրող տանտերերի համար հարկային արտոնություններ, ավելի քան 3000 տների փոխանցում նոր պետական ​​բնակարանային մարմնին և ավելի խիստ կանոնակարգումներ և տուրիստական ​​բնակարանների ավելի բարձր հարկեր: