ԱԺ նախկին պատգամավոր  Նապոլեոն Ազիզյանի` Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող տան մոտ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտողը, ընտանիքի անդամներին հայհոյողը երկու տարի առաջ նրա տանը երեսպատման աշխատանքներ կատարած մի մարդու որդի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանի կինը` Լարիսան, հավելելով, որ երբեւէ այդ տղային` Ահարոնին, չեն տեսել, չեն ճանաչում եւ որեւէ ֆինանսական խնդիր չեն ունեցել նրա հոր հետ:

«Մի հատ լակոտի մեկը, որ չենք էլ ճանաչում, հարբած, թե ինչ-որ դոզաների տակ, եկել էր ստեղ, դուռն էր ջարդում, հայհոյում էր, տագրոջս տղային է այստեղ տեսել, սկսել է ուժեղ բրդել, տղան ընկել է, իսկ ինքը նստել է տաքսի ու գնացել: Ես չգիտեմ` ինչ աստիճանի դոզայի տակ էր, որ չգիտեր, թե ինչ է անում: Լրիվ անջատված, կեղտոտ բերանը բացել էր, ինչ-որ փողերից էր խոսում, անկապ-անկապ»,- մասնավորապես ասաց տիկին Լարիսան:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, միջադեպի պատճառն այն է, որ Նապոլեոն Ազիզյանը չի վճարել իր տանն աշխատանքներ կատարած բանվորին:

Տիկին Լարիսան պատմեց, որ Ազիզյանը քննիչների ներկայությամբ խոսել է Ահարոնի հոր հետ, ով  ժամանակին աշխատել է իրենց տանը: Վերջինս ասել է. «Այ Սուրենիչ ջան, ցավդ տանեմ, ամաչում եմ քո հետ խոսամ, քո լավությունների տակից չգիտեմ ոնց դուրս գամ, էդ լակոտը ինչի է տենց բաներ արել...»: Կնոջ պատմելով`  իրենց տանը բազմաթիվ բանվորներ են աշխատել եւ նրանք առավոտից իրիկուն օրհնում են Ազիզյանին, իսկ Ահարոնի հոր դեպքում նա նույնիսկ տարել էր, որ իր բժշկի հիվանդանոցում էլ գործ անի, փող աշխատի: «Նապոլեոնն էլ էն մա՞րդն էր, որ բերեր աշխատեցներ, փողը չտար: Հարյուր տոկոսանոց սուտ է այդ ամենը»,- ասաց տիկին Լարիսան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում, դեկտեմբերի 15-ի երեկոյան, հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին եւ նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի եւ Վարդան  Ա.-ի հետ, հրել եւ վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել  կրծքին եւ ուսին: Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ամռանն էլ Ազիզյանին կողոպտել էին: Օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողները հայտնի բանդայի անդամներն են: