Վաշինգտոնի վարչակազմի գործող ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ում օլիգարխիա է առաջանում, որը սպառնում է ամերիկյան դեմոկրատիային։

«Այսօր Ամերիկայում օլիգարխիա է սաղմնավորվում, որի հսկայական հարստությունը, ուժն ու ազդեցությունը սպառնում են մեր դեմոկրատիային, հիմնական իրավունքներին ու ազատություններին եւ յուրաքանչյուր մարդու հաջողության հնարավորություններին: Սրա հետեւանքները զգացվում են Ամերիկայի յուրաքանչյուր անկյունում»,- ասել է նա համաքաղաքացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձում: Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Դոնալդ Թրամփին կփոխանցի հունվարի 20-ին։

Գործող նախագահն ավելացրել է, որ իրեն խորապես անհանգստացնում է «իշխանության վտանգավոր կենտրոնացումը փոքրաթիվ խիստ հարուստ անհատների ձեռքում» եւ նրանց հնարավոր «իշխանության չարաշահումը»: «Դեմոկրատիայի մեջ կա եւս մեկ վտանգ՝ իշխանության եւ հարստության կենտրոնացումը»,- ասել է Բայդենը:- Դա քայքայում է [քաղաքացիների] միասնության եւ ընդհանուր նպատակի զգացումը: Դա անվստահություն եւ պառակտում է առաջացնում [հասարակության մեջ]։ Դեմոկրատիային մասնակցությունը դառնում է հոգնեցնող եւ նույնիսկ հիասթափեցնող: Մարդիկ զգում են, որ նրանք չունեն [հաջողության] հավասար հնարավորություններ»: