Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումներն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որ ձեռք է բերվում երկար տարիների ընթացքում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ելույթ ունենալով Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած ՏՄՊՊՀ-ին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստում: «Այդ տեսանկյունից սխալվելու իրավունք չունենք: Եթե կասկածներ ենք ունենում, որոշման կայացումը հետաձգում ենք, մինչեւ համոզվենք դրա ճշմարտացիության մեջ»,- ասաց Ա. Շաբոյանը, օրինակ բերելով հյութերի շուկայում իրականացվող վարույթը, որտեղ նոր ուսումնասիրություններ են իրականացվում` նոր հանգամանքների ի հայտ գալու հետ կապված:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ 2011 թ., օրենսդրական փոփոխություններից հետո, ՏՄՊՊՀ-ն ակտիվացրել է իր գործունեությունը: Մասնավորապես` ՏՄՊՊՀ-ի կողմից կայացվել է պատասխանատվության միջոց կայացնելու 193 որոշում, 2010 թ. 103 որոշման համեմատ: Նշանակվել է 370 մլն դրամի տուգանք` 2010 թ. 37 մլն դրամի համեմատ: Նշանակված տուգանքներից գանձվել է 170 մլն դրամը` 2010 թ. 20 մլն դրամի համեմատ:
Ա. Շաբոյանը նշեց նաեւ, որ տնտեսվարողների մի մասը վիճարկում է ՏՄՊՊՀ որոշումները դատարանում, սակայն վերջին 2 տարիների ընթացքում բոլոր դատական վերճերը լուծվել են հօգուտ Հանձնաժողովի:
Նիստին մասնակցող Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում մրցակցային դաշտում արմատական փոփոխություններ չեն եղել, բայց որոշակի առաջընթաց նկատվում է: Նրա խոսքով` Հանձնաժողովի որոշումները ձեռք են բերում համազգային նշանակություն, բայց այդ խնդիրները միայն Հանձնաժողովը չի կարող լուծել, քանի որ հավասար եւ արդար մրցակցային դաշտը պետական շատ մարմինների գործառույթում է գտնվում: «Տարիներ են պետք, որ իրավիճակը դառնա այնպիսին, ինչպիսին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում է, երբ գործարարը սարսափում է հանձնաժողովի որոշումից, ինչը կարող է հզոր ընկերությանը մեծ վնաս հասցնել, սահմանափակել նրա գործունեությունը»,- նշեց Ա. Ղազարյանը:
Իսկ Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի իրավաբանական բաժնի պետ Արմեն Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այսօր գործարարներից ոչ մի բողոք չեն ստացել` ՏՄՊՊՀ-ի որոշումների հետ կապված:




























