Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո իր պաշտոնը լքելու պահանջների ֆոնին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրել է իր հրաժարականը։ Այն չի ընդունվել, սակայն սպասվում է, որ նախարարը կլքի պաշտոնը փետրվարին, հայտնել է Nefes թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Էրսոյը Թուրքիայի կառավարության նիստում, որը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ ողբերգության օրը, դիմել է նախագահին իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով։ Ի պատասխան՝ իբր ասվել է, որ կառավարության կազմում փոփոխություններ են նախատեսվում փետրվարին։ Խոսքը, հնարավոր է, յոթ նախարարների փոփոխության մասին է։





























