Խարկովի մարզի Իզյում քաղաքին հասցված ռուսական հարվածի հետեւանքով չորս մարդ զոհվել է, 24 հոգի վիրավորվել է, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տվյալներով՝ հարվածը ենթադրաբար հասցվել է քաղաքի կենտրոնին բալիստիկ հրթիռով։ Մասամբ ավերվել են վարչական շենքերը, վնասվել է հինգ հարկանի բնակելի շենք։ Առնվազն հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Փլատակների տակ է մնացել եւս մեկ բնակիչ։

«Այս պահին Իզյումում հոսպիտալացվել է 24 մարդ։ Նրանց մեջ է 15-ամյա մի աղջիկ, նա բեկորային վնասվածք է ստացել եւ գտնվում է միջին վիճակում։ Եվս երեք հոգի գտնվում են վիրահատարանում, բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ ողջ օգնությունը»,- գրել է վարչակազմի ղեկավարը։

Իզյումի քաղաքապետ Վալերի Մարչենկոն «Суспільне Харків»-ին հաստատել է, որ ռուսական հրթիռը հարվածել է վարչական շենքին եւ վնասել մեկ այլ հաստատություն։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ դրանցում տեղավորված են ֆինանսական եւ սոցիալական ծառայություններ։ «Վնասվել են բուն վարչական շենքը, մոտակայքում գտնվող մեկ այլ վարչական շենք, բազմահարկ շենքեր։ Այստեղ զինվորականներ չկային։ Սրանք այն շենքերն են, որտեղ աշխատել են մեր ծառայությունները՝ հարկային, սոցիալական ապահովության։ Զոհվել են քաղաքացիական անձինք. նրանք պետք է անձնագրային բաժանմունքում լինեին։ Վիրավորներից հինգը հոսպիտալացվել է միջին վիճակում, մյուսները՝ թեթեւ վնասվածքներով»,- ասել է Մարչենկոն՝ ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքի վրա նախորդ հարձակումն իրականացվել է ավելի քան երեք ամիս առաջ։