Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») Քաջարանի արդեն նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանին (նա հրաժարվել է գյուղապետի պաշտոնից եւ ՀՀԿ անդամությունից) հրավիրել է իր մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Սուրեն Խաչատրյան: Մեր հարցին, թե արդյոք ինքը Ռաֆիկ Աթայանին կխնդրի հե՞տ վերցնել հրաժարականի դիմումը, Սուրեն Խաչատրյանն արձագանքեց. «Ես ոչ ոքի խնդրելու բան չունեմ: Ընդամենը կանչել եմ ինձ մոտ տեսնենք որն է իր քայլերի պատճառը, ինչ խնդիրներ ունի»:
Իսկ հարցին, թե հանդիպումը, երբ է նշանակված, Սյունիքի մարզպետն արձագանքեց. «Դե շպյոնաժ եք խաղում: Արբանյա՞կ ենք թռցնում, ինչ է, քո տունը շինվի, վայրկյաններն էլ ասե՞մ»:
Իսկ ահա Քաջարանի արդեն նախկին գյուղապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը հրավերի եւ հանդիպման մասին առաջին անգամ մեզանից է լսում: «Ոչ ոք ինձ հանդիպման չի հրավիրել, տենց բան չկա, ով է ասել: Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-ասաց նա:
Հարցին, թե եթե հանկարծ Սուրիկ Խաչատրյանն իրեն խնդրի հրաժարականի դիմում հետ վերցնել, կհամաձայնի՞, թե` ոչ, Աթայանը պատասխանեց. «Այն պայմանով կհամաձայնեմ, որ կառավարության որոշումն անվավեր ճանաչվի»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն` ոստիկանապետի մոտ: Քաջարան գյուղի բնակիչների մի խումբ հավաքվել է Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն են ունեցել, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Երեկոյան գյուղապետին ազատ են արձակել: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:
Դեկտեմբերի 15-ին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից: Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա ավելացրեց. «Պարզ չէ՞, թե ինչի համար եմ հրաժարվել: Ինձ կանչել են պայմանագիր ներկայացրել, որ ստորագրեմ: Խոսքը կառավարության որոշման մասին է, որին ես դեմ եմ: Դրա կապակցությամբ ես բազմիցս բողոքել եմ, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել: Իսկ երեկ ինձ կանչել են, որ պայմանագիրը ստորագրեմ եւ ճնշումների արդյունքում հրաժարական եմ տվել»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























