ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «150-ը 150-ի դիմաց» բանաձևով։

«Փետրվարի 5-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինծառայող։ Դրա դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի»,- հայտնել են գերատեսչությունից։

«Ներկայում բոլոր ռուս զինվորականները Բելառուսի Հանրապետության տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ։ մարդասիրական միջնորդական ջանքեր են գործադրել:

Սա 2025 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների երկրորդ  փոխանակումն է, որը հայտնի է դարձել, հայտնում է «Интерфакс»-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է փոխանակման մասին տեղեկությունը։ РБК-Украина-ն հայտնել է 150 ուկրաինացի զինծառայողների ազատ արձակման մասին։

Հունվարի 15-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 25 զինծառայողի, դրա դիմաց փոխանցվել է ուկրաինական զինված ուժերի 25 ռազմագերի:

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «150-ը 150-ի դիմաց» բանաձևով։