Հայաստանում իշխող ռեժիմի հիմնական գործառույթն ու փիլիսոփայությունը դա թալանն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
«20 տարի առաջ մտան ժողովիդի գրպանը, հետո սեփականաշնորհման միջոցով անշարժ եւ շարժական գույքը կենտրոնացավ մի քանի մարդկանց գրպաններում եւ ձեռքերում: Հիմա հոգեւարքի մեջ գտնվելով կեղեքիչ ռեժիմն անցնում է մեր ապագայի վաճառքին»,- ասաց նա, անդրադառնալով Քաջարան գյուղի հողերը կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու փաստին:
Նրա խոսքով, ներկա պահին Քաջարանն «իրենցով անելու» շտապողականությունը պայմանավորված է հետեւյալով. «Որովհետեւ իրենք քաջ գիտակցում են, որ իրենց հաշված ամիսներ են մնացել մինչեւ այդ ռեժիմի վախճանը: Ահա, թե ինչու են օր առաջ վաճառքի հանել, մեր ապագան, այն վերջինը ինչ մնաց քսանամյա թալանից հետո»:
Տիգրան Խզմալյանը նաեւ նշեց, որ Սյունիքի «հռչակավոր» մարզպետ Սուրեն Խաչատրյանը նույնիսկ Քաջարան գյուղի ճանպարհը չի գտել երկար ժամանակ: «Այդ մարդն ավելի հեշտ է կողմնորոշվում «Մարիոթ» հյուրանոցում, քան` սեփական մազում»,- ասաց նա:
Ավելի վաղ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին իրեն հրավիրել են Կապանի ոստիկանապետի մոտ, որպեսզի ստիպեն ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել ՀՀԿ անդամությունից:




























