Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ԱՄՆ պատժամիջոցներ մցտնելը։

Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի եւ Միջազգային քրեական դատարանի պահպանումը համապատասխանում է անվտանգության կարեւորագույն շահերին:

«Միայն օրենքի ուժն է պաշտպանում ամենաուժեղի օրենքից։ Երբ կանոններն այլեւս չեն գործում, բոլորը պարտվում են: Միջազգային իրավական կարգը եւ միջազգային իրավասությունը պահպանելու համար միասին աշխատելը մեր կյանքի լավագույն ապահովագրությունն է եւ, միեւնույն ժամանակ, բարգավաճման եւ խաղաղության հիմքը:

Միջազգային քրեական դատարանը միջազգային քրեական իրավունքի ամենամեծ ձեռքբերումներից է եւ վայելում է ավելի քան 120 պետությունների աջակցությունը։ Այն հիմնված է միջազգային քրեական իրավունքի եւ միջազգային դատարանների անկախության հարգման ապահովման հիմնարար սկզբունքների վրա՝ սկզբունքներ, որոնք նշանակում են անվտանգություն բոլորի համար: Ահա թե ինչու մենք աջակցում ենք ՄՔԴ-ին, եւ ահա թե ինչու ՄՔԴ-ն մեր աջակցության կարիքն ունի։

Եթե ​​ՄՔԴ-ն չկարողանար այժմ շարունակել իր աշխատանքը, դա կլիներ մեծագույն ուրախություններից մեկը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր- խմբ.) Պուտինի համար»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարն իր հայտարարությունում՝ ավելացնելով, որ Պուտինը չէր կարող գնալ ԲՐԻԿՍ նիստին Հարավային Աֆրիկայում, քանի որ Հարավային Աֆրիկան ​​Հռոմի ստատուտի մասնակից է, եւ երկիրը ստիպված կլիներ ձերբակալել նրան։