Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն, այսօր` դեկտեմբերի 20-ին, հանդիպել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ եւ պահանջել, որ վերջինս հետ վերցնի հրաժարականն ու շարունակի աշխատել, սակայն գյուղապետն ասել է, որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ: Այս մասին  NEWS.am  թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Ռաֆիկ Աթայանը: «Ես հրաժարականիս դիմումը հետ չեմ վերցրել: Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպել ենք, ասել է գնացեք աշխատեք: Ես էլ ասել եմ, որ իմ հրաժարականը ուժի մեջ է եւ ես պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ավելացրեց գյուղապետը:

Ճշտող հարցին, թե ներկա պահին նա գյուղապե՞տ է, թե` ոչ, Աթայանը պատասխանեց. «Հա, այս պահին ես գյուղապետ եմ եւ այնքան ժամանակ մինչեւ իմ հրաժարականն ընդունեն: Ես հրաժարականը գրել եմ, բայց չեն ընդունում: Խնդրում եմ ճիշտը գրեք թող ժողովուրդն իմանա: Ես երկրից տեղ գնալու տեղ չունեմ, ապրելու տեղ չունեմ, փող տվող չեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»)  տեղեկացրել էր, որ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին (նա հրաժարվել է գյուղապետի պաշտոնից եւ ՀՀԿ անդամությունից) հրավիրել է իր մոտ: Հարցին, թե արդյոք ինքը Ռաֆիկ Աթայանին կխնդրի հե՞տ վերցնել հրաժարականի դիմումը, Սուրեն Խաչատրյանն արձագանքել էր. «Ես ոչ ոքի խնդրելու բան չունեմ: Ընդամենը կանչել եմ ինձ մոտ տեսնենք որն է իր քայլերի պատճառը, ինչ խնդիրներ ունի»:

NEWS.am-ը տեղեկացրել էր նաեւ, որ դեկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն` ոստիկանապետի մոտ: Քաջարան գյուղի բնակիչների մի խումբ հավաքվել է Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն են ունեցել, որ սա  ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Երեկոյան գյուղապետին ազատ են արձակել: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը   եւ  հրաժարվում է ստորագրել հողերի  հանձնման  փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում  է  նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից: Դեկտեմբերի 15-ին  Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից: Հարցին, թե ո՞րն  է նման քայլի պատճառը, նա ավելացրեց. «Պարզ չէ՞, թե ինչի համար եմ հրաժարվել: Ինձ կանչել են պայմանագիր ներկայացրել, որ ստորագրեմ: Խոսքը կառավարության որոշման մասին է, որին ես դեմ եմ: Դրա կապակցությամբ ես բազմիցս բողոքել եմ, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել: Իսկ երեկ ինձ կանչել են, որ պայմանագիրը ստորագրեմ եւ ճնշումների արդյունքում հրաժարական եմ տվել»: