Հայաստանը երեկ իրար էր անցել, այսպես ասած, ադրբեջանական սխտորի պատմությունից, որ վաճառվում էր Երեւանի խանութներում: Այդպես էլ, իհարկե, կարծես թե հստակ չեղավ, թե դա ինչ սխտոր էր, դրա ինչն էր ադրբեջանական, կամ ինչու էր ադրբեջանական, եւ այլն:
Երբ Երեւանում, այսպես կոչված, ադրբեջանական սխտորի հետ կապված աղմուկն էր տարածվում, նույն այդ ժամանակամիջոցում նույն Երեւանում ԱԱԾ ղեկավարությունը եւ Հայաստանի իշխանության այլ առաջին դեմքեր ճառեր էին ասում ԱԱԾ աշխատանքի բարձր մակարդակի եւ թուրք-ադրբեջանական լրտեսների դեմ արդյունավետ պայքարի մասին:
Ադրբեջանական սխտորի պատմությունը ծավալվում էր առանց պաշտոնական որեւէ մեկնաբանության, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ կամ պետք է այդ սխտորը Հայաստանում չհայտնվեր, եթե այն ադրբեջանական էր, կամ էլ պետք է աղմուկը չլիներ, եթե սխտորը ադրբեջանական չէր:
Երկու դեպքում էլ պետք է գործ աներ ԱԱԾ-ն, որը կամ պետք է թույլ չտար, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ ադրբեջանական ծագման սխտոր ներմուծեն ու վաճառեն Հայաստանում, կամ էլ պետք է առաջին իսկ տեղեկատվությունից հետո հստակ ու սպառիչ պատասխան տար սխտորի պատմության կապակցությամբ` պարզեցնելով իրավիճակը: Չեղավ թե մեկը, թե մյուսը:




























