Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին տարակուսանք է հայտնել երկուշաբթի օրը Փարիզում Ուկրաինայի հարցով մի շարք եվրոպացի առաջնորդների հանդիպման ձեւաչափի առնչությամբ։ Հանդիպումը, նրա կարծիքով, «բացառել է» շատ երկրների, հայտնել է askanews գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, վարչապետը մասնակցել է հանդիպմանը՝ ուշանալով եւ հրաժարվելով մեկնաբանություն տալ մինչ դրա սկսվելը, հիշեցրել է գործակալությունը։ Մելոնիի խոսքով՝ քննարկման համար ավելի հարմար ձեւաչափ կլինի Եվրոպական խորհրդի արտակարգ գագաթաժողովը, որը կապահովի երկրների ավելի լայն ներկայացվածություն։ Սակայն այն դեռ չի գումարվել ԵՄ ներսում առկա տարաձայնությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ Հունգարիայի դիրքորոշման պատճառով, գրել է գործակալությունը։

Ուկրաինայում հակամարտության հետեւանքները զգում են բոլոր պետությունները, եւ ոչ միայն նրանք, որոնք ներկա են եղել հանդիպմանը, նշել է Իտալիայի վարչապետը։ Նա թերահավատություն է հայտնել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու գաղափարի վերաբերյալ՝ հնարավոր հրադադարի հաստատման համար։ Նրա կարծիքով՝ դա կլինի «ամենադժվար» եւ «ոչ այնքան արդյունավետ» լուծումը։ Մելոնիի հավաստիացմամբ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել այլ տարբերակներ, որոնք ենթադրում են ԱՄՆ ավելի ակտիվ մասնակցություն, քանի որ ՆԱՏՕ համատեքստում է «կառուցվում եվրոպական եւ ամերիկյան անվտանգությունը»:

Իր ելույթում Մելոնին նաեւ ասել է, որ կիսում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերի իմաստը, որը, մասնավորապես, քննադատել է ԵՄ-ին դեմոկրատական արժեքներից հեռանալու համար։ «Ես վաղուց եմ նման մտքեր արտահայտել»,- եզրափակել է Իտալիայի վարչապետը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով երկուշաբթի օրը Փարիզ են ժամանել մի շարք եվրոպացի առաջնորդներ՝ Ուկրաինային եւ եվրոպական անվտանգությանը նվիրված հանդիպմանը։ Արտակարգ գագաթաժողովին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։