2010թ.-ի ընթացքում բանկային համակարգի միջոցով Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտները կազմել են ավելի քան մեկ մլրդ դոլար (2009-ի համեմատ աճը կազմել է 8%), իսկ 2011-ին, ըստ մասնագետների, տրանսֆերտների ծավալի աճն ավելի զգալի է: Պաշտոնական տվյալների համաձայն, 2011-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ միայն Ռուսաստանից Հայաստան ներմուծված տրանսֆերտների ծավալի աճը կազմել է 82%: «Հոկտոմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին եւս դրամական փոխանցումների ծավալներն ավելացել են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծվող տրանսֆերտները կրկնակի ու եռակի անգամ շատ են»,-նշել է «Հայէկոնոմբանկի» Գյումրիի մասնաճյուղի կառավարիչը:

Մասնավոր տրանսֆերտների աճն, ըստ ոլորտի մասնագետների, պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումներով, քանի-որ հենց Ռուսաստանում աշխատող 100 հազարավոր հայերն են ապահովում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների 70%-ը: «Սակայն տրանսֆերտների աճից ճգնաժամային իրավիճակի մեղմում մեր երկրում պետք չէ ակնկալել, քանի-որ աշխատատեղերը վերականագնվել եւ իրավիճակը կայունացել է ոչ թե մեր, այլ` հարեւան երկրում»,-ասել է Գյումրիում գործող տնտեսագետ Արթուր Առաքելյանը:

Ըստ նրա, տրանսֆերտային փոխանցումներով լավ ապրել հնարավոր չէ: «Այդ գումարների հաշվին մարդիկ կարողանում են միմիայն իրենց առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ: Կան տրանսֆերներ, որոնք հիմնականում ուղղվում են որպես ներդրում, որպես նոր գործընթացի սկիզբ: Այսինքն դրանք միանշանակ մի ուղղությամբ չեն գալիս, լինում են տարբեր նշանակության տրանսֆերտներ»,-ասել է Ա. Առաքելյանն ու հավելել, որ եթե մասնագետների կանխատեսումներն իրականան ու հաջորդ տարվա կեսին ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիք սկիզբ առնի, ապա դրամական փոխանցումները կրկին կնվազեն ու 2009-2010 թթ այն նույն իրավիճակը մեզանում կստեղծվի, երբ  մեր շատ հայրենակիցների համար նաեւ դրսում աշխատանք գտնելն անհնարին կլինի: