Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մանկության երազանքը հեծանիվ քշելն է եղել. նա Ձմեռ պապիկից միշտ հեծանիվ է ուզել, բայց չի ունեցել: «Հայրս ասում էր. «Շան տղա, հեծանիվիդ հարցը սարքեցիր Ղարաբաղի հարցը»: Էդ ժամանակ չէի հասկանում, ո՞րն է Ղարաբաղի հարցը, հետո հեծանիվ ունեցա, մինչեւ հիմա էլ քշում եմ ու ձեզ էլ խորհուրդ կտամ»,-ասել է Գիզիրյանը լրագրողներին:

Իր մանկության երազանքի բացահայտումը Գիզիրյանն արել է  հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ամփոփել է անցած՝ Նապաստակի տարին Շիրակի մարզի համար, նշելով, որ 2011 թվականը Շիրակի մարզի համար աչքի է ընկել հատկապես գյուղատնտեսական ոլորտում արձանագրված հաջողություններով, մոտ 35 մլդ դրամի ներդրում է կատարվել, իրականացվել են որոշ ծրագրեր: «Իսկ հաջորդ տարվա համար ակնկալիքներն ավելի մեծ են, վերանորոգվելու են ճանապարհներ ոչ միայն մարզի համայնքներում, այլեւ Գյումրիում»,-ասել է Աշոտ Գիզիրյանը: Նա հայտարարել է, որ Ամանորի նախաշեմին մարզպետարանն անակնկալ է պատրաստել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած ու հաշմանդամ դարձած վետերանների, մարզի 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիքների համար:

Լրագրողների հետ իր մտերմիկ  զրույցը շարունակելով, մարզպետը նշել է, թե ինքը զարմացած է, որ Գյումրիում ավելի շատ են դժգոհում ապրելակերպից, սոցիալական վատ պայմաններից, քան օրինակ պատերազմների բովով անցած Լեռնային Ղարաբաղում: Արցախի ժողովուրդը սկսել է լավատեսությամբ ապրել, ինչը սակայն մարզպետը չի նկատում Գյումրիում:

Ապա Աշոտ Գիզիրյանը մարզի ազգաբնակչությանը խորհուրդ  է տվել նոր տարին դիմավորել  ապագայի նկատմամբ  լավ սպասումներով, նորանոր հաջողությունների  ակնկալիքով: «Ճիշտ է վիշապը վախեցնող է, բայց ջրային վիշապի տարուց սպասելիքները շատ են: Ես օրինակ վիշապից չեմ վախենում, օձ մարդկանցից եմ վախենում»,-ամփոփել է Աշոտ Գիզիրյանը: