Սիրիայի հյուսիս-արևելքում վերահսկող քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Օջալանի կոչը Թուրքիայում՝ PKK-ի լուծարման վերաբերյալ իր ղեկավարած խմբավորմանը չի վերաբերում, հայտնում է Reuters-ը։

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ ողջունում է Աբդուլլահ Օջալանի պատմական կոչը PKK-ին՝ դադարեցնելու իր տարիներ շարունակվող զինված պայքարը թուրքական պետության դեմ, ինչն, ըստ նրա, դրական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։

Սակայն Աբդին հայտարարել է, որ երկար ժամանակ բանտարկված Օջալանի՝ փետրվարի 27-ի հայտարարությունը վերաբերում էր միայն PKK-ին և «մեզ համար Սիրիայում որևէ առնչություն չուներ»:

Աբդին ակնարկել է, որ Օջալանի հայտարարությունն անմիջական ազդեցություն չի ունենա Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի վրա՝ չնայած Քրդական աշխատավորական կուսակցությանը պատկանելու և ՍԴՈԻ-ի՝ Սիրիայի հիմնական քրդական խմբավորումների կորիզը կազմելու հանգամանքին:

«Եթե Թուրքիայում խաղաղություն լինի, դա կնշանակի, որ այստեղ՝ Սիրիայում, մեզ վրա հարձակումները շարունակելու արդարացում չկա»,- նշել է Աբդին։

Աբդիի խմբավորումը 2011 թվականին սիրիական քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հյուսիսի քրդական շրջանները և այնուհետև դարձել է ԱՄՆ գլխավոր գործընկերն Իսլամական պետության դեմ պայքարում՝ հետագայում ընդլայնելով իր վերահսկողության տակ գտնվող տարածքը:

Նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք սիրիական բանակի հետ ՍԴՈՒ-ն առանձնապես խնդիրներ չի ունեցել: ՍԴՈՒ-ն ներկայում բախվում է Դամասկոսի նոր վարչակազմի կողմից պետական ​​անվտանգության ուժերի հետ միավորվելու կոչերին:

Թուրքիան Սիրիայի նոր վարչակազմի գլխավոր աջակիցներից է։

Աբդին պատրաստակամություն է հայտնել ներառել իր ուժերը պաշտպանության նոր նախարարությունում, սակայն հայտարարել է, որ նրանք պետք է միանան որպես դաշինք, ոչ թե որպես առանձին անձինք: Նոր կառավարությունը մերժել է այդ գաղափարը։

Փետրվարի 25-ին Դամասկոսում գումարված ազգային երկխոսության համաժողովին ոչ ՍԴՈՒ-ն, ոչ էլ քրդական վարչակազմը հրավիրված չեն եղել։ Քրդական վարչակազմը հայտարարել է, որ համաժողովը չի ներկայացնում սիրիացիներին:

Աբդին հայտարարել է, որ Սիրիայի քրդական իշխանությունները կկազմակերպեն իրենց տեղական երկխոսությունը հյուսիսարևելյան շրջանի ապագայի վերաբերյալ: