Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարներ է ծախսել հարավաֆրիկյան Լեսոտոյում, որի գոյության մասին «ոչ ոք երբեք չի լսել, ԼԳԲՏ հանրույթին աջակցելու համար»։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած ուղերձում։

«8 մլն դոլար ուղղվել է ԼԳԲՏ հանրույթի խթանմանը աֆրիկյան մի երկրում, որի մասին ոչ ոք երբեւէ չի լսել՝ Լեսոտոյում»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ամերիկյան կառավարության այլ իռացիոնալ, այդ թվում արտասահմանում օգնության ծրագրերի վրա ծախսերի շարքում հիշատակել է ծախսերը Լեսոտոյի վրա։ Նրա խոսքով, մասնավորապես, Միացյալ Նահանգները 45 մլն դոլար է ծախսել կրթաթոշակների վրա՝ խթանելու «բազմազանությունը, հավասարությունը եւ ներառականությունը» Մյանմայում, ինչպես նաեւ 40 մլն դոլար՝ «նստակյած միգրանտների» սոցիալական եւ տնտեսական պայմանները բարելավելու համար, չնայած այն հանգամանքին, որ «ոչ ոք չգիտի, թե ովքեր են նրանք»,- ավելացրել է Թրամփը:

Ինչպես նշել է Agence France-Presse գործակալությունը (AFP), որն ուշադրություն է հրավիրել Լեսոտոյի մասին Թրամփի խոսքերին, հարավաֆրիկյան այս երկիրն ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում։ 2006-ից ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 630 մլն դոլար է ծախսել Լեսոտոյում այդ խնդրի դեմ պայքարի համար: