ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Ուկրաինայի պատերազմն անվանել է «պրոքսի-պատերազմ» ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։
Մեկնաբանելով փետրվարի 28-ին Օվալաձեւ աշխատասենյակում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների լեզվակռիվը՝ նա նշել է, որ «անցած ուրբաթ օրը անցած ուրբաթ օրը չէ: Սա այն ամենն է, ինչը հանգեցրել է դրան»:
«Ամենասկզբից միանգամայն պարզ էր, որ նախագահ Թրամփը դա դիտարկում է որպես ձգձգված, փակուղի մտած հակամարտություն: Եվ անկեղծ ասած՝ սա միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, եւ Ռուսաստանի միջեւ պրոքսի-պատերազմ է, եւ այն պետք է ավարտվի: Եվ ոչ ոք դա կասեցնելու գաղափար կամ ծրագիր չունի: Այսօրվա դրությամբ ուկրաինացիների եւ Կապիտոլիումի բլրի նրանց դաշնակիցների, ինչպես նաեւ այն մարդկանց համար, որոնց հետ շփվում եք այլ երկրներում, ծրագիրն այն է, որ պարզապես շարունակեն տալ նրանց այնքան, որքան անհրաժեշտ է, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սա ռազմավարություն չէ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոյի խոսքով, ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա, հավանաբար, հակամարտության սկզբում նա դժվարություններ է ունեցել։
«Դա ավելի մեծ երկիր է։ Նրանք որոշակի առաջընթաց են գրանցել։ Բայց եւ ռուսների վրա դա էժան չի նստում: Այսպիսով, հակամարտությունը մտել է փակուղի։ Սա բացատրվել է բոլորին, եւ հնարավորինս պարզ ասվել է։ Նախագահը միայն փորձում է պարզել, թե արդյոք կա խաղաղության ճանապարհ: Մենք պետք է ներգրավենք երկու կողմերին՝ ռուսներին եւ ուկրաինացիներին։ Եվ մենք ուկրաինացիներին խնդրեցինք սաբոտաժի չենթարկել սա։ Երբ փոխնախագահը հայտնեց, որ նման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կլինի դիվանագիտություն, նախագահ Զելենսկին, ցավոք, որոշեց հակահարված տալ փոխնախագահին եւ հարցականի տակ դրեց, թե արդյոք դիվանագիտությունն առհասարակ հնարավոր է՝ ըստ էության, խափանելով նախագահի պլանը։ Եվ դա հանգեցրեց տարաձայնության»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ընդ որում՝ նա գոհունակություն է հայտնել, որ այս դիրքորոշումը վերանայվել է։
«Ուրախ եմ տեսնել, որ այս դիրքորոշումը վերանայվել է, քանի որ ես իսկապես հավատում եմ, որ սա հակամարտություն է, որին վերջ տալու ճանապարհը մենք պետք է գտնենք: Իսկ դա երկու կողմից էլ զիջումներ կպահանջի, բայց մենք պետք է նրանց նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ակնհայտ է, որ ուկրաինացիները պետք է այնտեղ լինեն։ Դա նրանց երկիրն է։ Ռուսները պետք է լինեն սեղանի շուրջ։ Եվ միայն նախագահ Թրամփը կարող է անել հնարավոր ամեն բան։ Դա էր մեր նպատակը, դա է մնում մեր նպատակը, եւ հենց դրա վրա ենք կենտրոնացած այժմ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։





























