Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններին, այդ թվում՝ երկրի խոշոր օդային հանգույցներին Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Բեռլինում, երկուշաբթի օրը աշխատանքի խափանումներ են սպառնում այն բանից հետո, երբ Ver.di արհմիությունը կոչ է արել ցամաքային անձնակազմին, ուղեբեռի սպասարման և անվտանգության ծառայության աշխատակիցներին մեկօրյա գործադուլ սկսել, հայտնում է Bloomberg-ը։

Սպասվում են թռիչքների լուրջ սահմանափումներ, այդ թվում՝ մեծ թվով չվերթների չեղարկումներ։

Գործադուլները սկսվելու են կիրակի երեկոյան և ավարտվելու են 24 ժամ հետո, ասվում է արհմիության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

Համբուրգի օդանավակայանն արդեն փակ է գործադուլի պատճառով։

«Գործադուլներն ամբողջ երկրին զրկում են օդային հաղորդակցությունից,- նշել է ADV օդանավակայանների ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Ռալֆ Բեյզելը:- Մենք կոչ ենք անում Ver.di-ին հաշվի առնել ուղևորների շահերը և խաղաղ լուծում փնտրել բանակցությունների սեղանի շուրջ»:

Արհմիությունը, որը ներկայացնում է մոտ 2 միլիոն աշխատողի, անցյալ շաբաթ իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկած ֆիսկալ բարեփոխումների ծավալուն ծրագրերին՝ հայտարարելով, որ դրանք կօգնեն արդիականացնել երկրի քայքայվող ենթակառուցվածքը:

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը 10 տարվա ընթացքում 500 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ է հատկացրել փոխառու միջոցների հաշվին և նախատեսում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը:

Արհմիության պահանջները ներառում են աշխատավարձի բարձրացում, արձակուրդային օրերի թվի մեծացում և ժամանակավոր պայմանագրերի սահմանափակումներ: