Նյու Օռլեանի հնաոճ իրերի վաճառող M.S Rau ընկերությունը վաճառքի է հանել Փոլ Ռիվերի՝ ամերիկյան հեղափոխության հերոսներից մեկի և մասնագիտությամբ ոսկերչի  աշխատանքի մի քանի առարկա: Այդ աշխատանքների թվում է փորագրված սրճեփ, որը փորձագետները գնահատել են ավելի քան մեկ միլիոն դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բոստոնցի Փոլ Ռիվերը 1775 թվականի ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ամերիկացի հայրենասերներին տեղեկացրել է բրիտանական զորքերի մոտենալու մասին։ Ամերիկացի բանաստեղծ Հենրի Լոնգֆելոն այս դրվագի մասին գրել է ՝ «Փոլ Ռիվերի ճանապարհորդությունը» բանաստեղծությունը:

Սրճեփը պատրաստվել է մոտավորապես հենց այդ ժամանակ:

1980-2014 թվականներին սրճեփը եղել է Ռիչմոնդի Վիրջինիայի կերպարվեստի թանգարանի հավաքածուում, իսկ հունվարին այն վաճառվել է Sotheby's-ի աճուրդում 444 հազար դոլարով։