Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են պատերազմից տուժած երկրում խաղաղություն հաստատելու ջանքերը:

Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալության (SPA) հրապարակած հայտարարության մեջ թագավորությունը հույս է հայտնում, որ ուկրաինական ճգնաժամը կավարտվի ըստ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ներառյալ ինքնիշխանության սկզբունքները և միջազգայնորեն ճանաչված սահմանները:

«Կողմերը վերանայել են Ուկրաինայում տևական, արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար գործադրվող ջանքերը», հաղորդում է SPA-ն։

Ուկրաինական կողմն իր հերթին այս կապակցությամբ իր երախտագիտությունն է հայտնել Թագավորությանը։ Ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային Կիևին առաջարկած օգնության համար։

Թագավորության թագաժառանգը երեքշաբթի ծովափնյա քաղաքում մեկնարկած Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից առաջ Ջիդդաում ողջունել է Զելենսկիին, գրում է Al Arabiya-ն։

Բանակցությունների նպատակն է բարելավել հարաբերությունները և գնահատել՝ արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է զիջումների գնալ այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է արագ վերջ տալ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին։

Առանցքային բանակցությունները տեղի են ունեցել անցած ամիս Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած շշմեցուցիչ դիմակայությունից հետո: Դրանք կհետևեն անցյալ ամիս Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններին։

Քաղաքական իրավիճակի քննարկումից բացի, երկուստեք անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության հարցերին և ընդգծվել է առևտրի ծավալների ավելացման և գործարար հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Սաուդյան և ուկրաինական կողմերը «վերահաստատել են ներդրումային հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ հաստատելով խոստումնալից ներդրումային և տնտեսական գործընկերություններ այն ոլորտներում, որոնք առաջնահերթ են երկու երկրների համար՝ ներառյալ էներգետիկան, սննդի արդյունաբերությունը և ենթակառուցվածքները», ասված է հայտարարության մեջ։

Կողմերը հավելել են, որ ակնկալում են նավթի, գազի և դրանց ածանցյալների, ինչպես նաև նավթաքիմիական ոլորտներում համատեղ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրություն։