Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր հարկադիր կատարողից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գլորիա Ֆուդ Կո» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. հոկտեմբերին  դուրս գրված ժամկետանց ապրանքների ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու դիտավորությամբ այդ ամսվա համար հարկային մարմնին ԱԱՀ  հաշվարկ չի ներկայացրել:

Ըստ այդմ խախտվել է «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները եւ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 4  մլն.  դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Հ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: