ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զվարճալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտադրությունը՝ պաշտպանել բոլորին «երեք-չորս միջուկային մարտագլխիկներով», հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Դա բավական զվարճալի ելույթ էր Մակրոնի կողմից (ի դեպ, դա վերաբերում էր նաեւ ՆԱՏՕ-ին), քանի որ նա ասաց, որ Ֆրանսիան կկարողանա «պաշտպանել» բոլորին իր երեք կամ չորս միջուկային մարտագլխիկներով»,- ասել է Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի եւ Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։

Նախարարը նաեւ ուշադրություն է դարձրել այն բանին, որ Մակրոնը փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում կյանքի կոչել 2015թ. մինսկյան պայմանավորվածությունները։ «Այն ժամանակ Մինսկում մենք անցկացրինք 17 ժամ շարունակական բանակցություններ։ Ստորագրվել են Մինսկի համաձայնագրերը։ Երբ դրանք ստորագրվեցին, դրանց աջակցեց ՄԱԿ Անվտանգության խորհուրդը»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Կիեւի ռեժիմի ներկայացուցիչները իշխանության են եկել պետական ​​հեղաշրջմամբ, եւ առաջինը, ինչի մասին նրանք հայտարարել են, ռուսաց լեզվի կարգավիճակի վերացման մասին էր։ «Այնուհետեւ նրանք զինյալներ ուղարկեցին գրոհելու Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը։ Հետո նրանք «ահաբեկիչներ» անվանեցին Հարավային եւ Արեւելյան Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք համարձակվել էին ասել, որ քանի որ այյդ մարդիկ իշխանության էին եկել պետական հեղաշրջմամբ, ապա իրենք հրաժարվում են կատարել նրանց ցուցումները եւ խնդրել են իրենց հանգիստ թողնել։ Նրանց հայտարարել են «ահաբեկիչներ» եւ սկսել նրանց դեմ «հակաահաբեկչական գործողություն»։ Սեփական քաղաքացիների դեմ»,- բացատրել է Լավրովը։