Կրեմլն ուշադիր ուսումնասիրում է բոլոր հայտարարությունները, որոնք արվել են նախօրեին Ջիդայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների արդյունքներով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք հայտարարությունները, որոնք արվել են բանակցությունների արդյունքների հիման վրա, մենք ծանոթանում ենք համատեղ հայտարարության տեքստին, որն ընդունվել է Ջիդայում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը բանակցությունների մասին մանրամասն տեղեկություններ է ակնկալում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ ղեկավարի օգնական Մայք Ուոլթցից։
Նախօրեին տեղի ունեցած բանակցությունները տեւել են մոտ 9,5 ժամ։ Բանակցությունների արդյունքում Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը, իսկ Վաշինգտոնն անհապաղ կչեղարկի հետախուզության տվյալների տրամադրման դադարը եւ կվերսկսի Կիեւին օգնություն տրամադրելը։
Հայտարարությունում նշվել է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել կարեւոր օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունը հզորացնելու նպատակով։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի, երբ ԱՄՆ-ը հարմար համարի։





























