Հայաստանի դպրոցներում ներառական կրթությունը դեռևս լիարժեք հասանելի չէ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար: Չնայած իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել կրթական, ենթակառուցվածքային և հասարակական խոչընդոտների։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ղուկասյանի խոսքով՝  չնայած որոշ վերակառուված դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծվել են համապատասխան պայմաններ, շատ դպրոցներ դեռևս անմատչելի են մնում նրանց համար։

«Դպրոցի պահանջը միայն թեքահարթակը չէ։ Հարմարությունների մեջ մտնում է դռների լայնությունը, վերելակի առկայությունը, հարմարեցված սանհանգույցները, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն հոգալ իր կարիքները», – NEWS.am–ի հետ զրույցում ասում է Նարինե Ղուկասյանը։

Բացի ֆիզիկական մատչելիությունից, կարևոր է նաև միջավայրի հոգեբանական պատրաստվածությունը։ Հաշմանդամություն ունեցող երեխան պետք է իրեն լիարժեք ընդգրկված զգա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ «Եթե մենք ներառականությունը սկսենք մանկապարտեզներից, դպրոցներում շատ խնդիրներ պարզապես չեն առաջանա», – հավելում է նա։

Ներառական կրթության արդյունավետության համար կարևոր է նաև մասնագետների առկայությունը։ Մինչդեռ, ինչպես նշում է Ղուկասյանը, Հայաստանում մեծ պահանջարկ կա ներառական կրթության ոլորտի մասնագետների՝ մասնավորապես հոգեբանների, լոգոպեդների և հատուկ մանկավարժների ։ Դպրոցներում տրամադրվում է հոգեբանական աջակցություն, բայց մասնագետների ահռելի պակաս կա։ Դպրոցում կարող է լինել մեկ կամ երկու մասնագետ, բայց դա բավարար չէ։ Պետք է ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց քանակին համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան ճիշտ մոտեցումներով աշխատել երեխաների հետ։

Մասնագետների խնդիրն ազդում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլև նրանց հետ սովորող մյուս աշակերտների վրա։ «Եթե ներառականությունը ճիշտ ձևով սերմանվի մանկապարտեզից, ապա դպրոցներում երեխաներն արդեն պատրաստ կլինեն իրենց դասարանում տեսնելու հաշմանդամություն ունեցող դասընկերների», – ընդգծում է Ղուկասյանը։

Հայաստանում բարձրագույն կրթությունը նույնպես ընդհանուր առմամբ անհասանելի է մնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հիմնականում ուսուցման մեթոդների եւ մասնագիտական աջակցության պակասի պատճառով։

Հաշմանդամություն ունեցող անձինք կրթությունից հետո բախվում են աշխատանքի դժվարությունների. շատ գործատուներ չեն ապահովում ներառական աշխատանքային միջավայր։

«Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն կարողանում մրցակցել աշխատանքի շուկայում, քանի որ գործատուները հիմնականում չեն ապահովում համապատասխան պայմաններ։ Բացառություն են այն ընկերությունները, որոնք համագործակցում են միջազգային կառույցների հետ և ստիպված են հաշվի առնել ներառականության պահանջները», – նշում է Ղուկասյանը։

Նարինե Ղուկասյանի խոսքով, լիարժեք ներառականության հասնելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ մանկապարտեզներից սկսած ապահովել ներառական կրթություն՝ ֆիզիկական հարմարություններով եւ  հոգեբանական աջակցությամբ, բարձրացնել ներառական կրթության որակը՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ, բարելավել բուհերի պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան լիարժեք ուսանել, ինչպես նաև օրենսդրական մակարդակում խթանել ներառական աշխատաշուկայի ստեղծումը։

Դիանա Զիրոյան