Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը, որն ուրբաթ կանչվել է Իտալիայի ԱԳՆ՝ կապված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից երկրի նախագահ Սերջիո Մատարելայի հասցեին հնչեցված քննադատության հետ, ռուսական արձագանքն անվանել է պաշտպանություն Ռուսաստանի դեմ ոչնչով չհրահրված հարձակումներից, գրել է «ՌԻԱ Նովոստին»։
Հինգշաբթի Զախարովան «սուտ ու կեղծիք» է անվանել Մատարելայի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը սպառնում է Եվրոպային միջուկային զենքով։
«Իտալական պետության ղեկավարի հրապարակային հայտարարություններում Ռուսաստանի, նրա ղեկավարության եւ ժողովրդի համար վիրավորական ակնհայտ կեղծ, պատմական եւ բարոյապես կասկածելի զուգահեռների եւ նարատիվների օգտագործումն ավելի է խորացնում երկկողմ հարաբերությունների ներկա ճնշող մթնոլորտը։ Իտալացի դիվանագետներին խորհուրդ ենք տվել Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը դիտարկել ոչ թե որպես «բանավոր հարձակում», այլ որպես մեր պաշտպանություն Ռուսաստանի դեմ կրկնվող հարձակումներից»,- ասել է դեսպանը ռուս լրագրողներին:
Պարամոնովը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ կողմերը եկել են ընդհանուր ըմբռնման առկա դիվանագիտական ուղիների առավել արդյունավետ օգտագործման կարեւորության մասին՝ «երկկողմ հարաբերություններում լուրջ թյուրիմացությունները եւ կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար»։




























