Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նախազգուշացում է արել «ահաբեկիչներին ամենուր»:
«Ահաբեկիչներն ամենուր, զգույշ եղեք: Եթե սպառնաք մեր հայրենիքին, նախագահ Թրամփը կգտնի ձեզ»,- գրել է Ուոլցը X սոցիալական ցանցում՝ տեղադրելով Իրաքում ԴԱԻՇ-ի անդամների սպանության կադրերը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսօր ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում ԴԱԻՇ-ի փախած առաջնորդին վերացնելու մասին։
«Մեր անվախ մարտիկներն անխնա հետապնդեցին նրան: Նրա թշվառ կյանքը կարճվեց ԴԱԻՇ-ի մեկ այլ անդամի հետ՝ համաձայնեցնելով Իրաքի կառավարության և Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ»,- գրել է նա։
Ըստ BBC News-ի՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին, խոսքը գնում է Աբդուլլահ Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆայի մասին, որը հայտնի է նաև որպես Աբու Խադիջա, որը «համարվում էր Իրաքի և ամբողջ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը»:





























