«Մենք ձեզ նվիրեցինք Ազատության արձանը, բայց դուք կարծես արհամարհում եք այն», - իր ձախ կենտրոնամետ Place publique կուսակցության համագումարում ամերիկացիների համար նման հայտարարոթյուն է արել ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանը:

Ուկրաինային ակտիվորեն աջակցող Գլյուկսմանն իր ելույթում դատապարտել է Վաշինգտոնին Մոսկվայի հետ մերձեցման համար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը «որոշել է անցնել բռնակալների կողմը»։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը քննադատել է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ իրենց գիտական ​​ազատությունը գերադասող գիտնականներին աշխատանքից հեռացնելու համար։

Ազատության արձանը ստեղծել է ֆրանսիացի Օգյուստ Բարտոլդին և նվիրել Միացյալ Նահանգներին՝ որպես ֆրանսիացի ժողովրդի նվեր ամերիկացիներին՝ ի հիշատակ ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ երկու երկրների միջև դաշինքի։ 46 մետր բարձրությամբ պղնձե արձանը խոյանում է Նյու Յորքի Ազատության կղզում: Միլիոնավոր ներգաղթյալների համար, ովքեր ժամանակին մոտակա Էլիս կղզում սպասում էին ԱՄՆ մուտքին, այն խորհրդանշում էր ավելի լավ կյանքի հույսը, նշում է Ֆրանսպրես գործակալությունը։